Նախագծի մասին

Արագ զարգացող աշխարհում շարունակական ինքնակրթությունը և մասնագիտական կատարելագործումը սեփական գիտելիքները, հմտություններն ու կարողություններն անընդհատ թարմացնելու և մրցունակ մնալու լավագույն միջոցներից են։ Համացանցի ընձեռած հնարավորությունները, առավել քան երբևէ, հեշտացնում են այդ գործընթացները: Հենց այդ հնարավորությունները մատչելի դարձնելու և ընտրական գործընթացի շահառուների գիտելիքների շարունակական բարելավման գաղափարն է դրված առցանց ուսումնական հարթակի ստեղծման հիմքում։

Սույն առցանց ուսումնական հարթակը ստեղծվել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ու ՀԸԳԱ-2 ծրագրերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի համատեղ ջանքերով։ Հարթակը նախատեսված է ընտրական գործընթացի շահառուների ուսուցումը և վերապատրաստումը դյուրացնելու, ինչպես նաև անհատական կարիքներին համահունչ ինքնակրթվելու և զարգանալու հանարավորություն ընձեռելու նպատակով։

Հարթակի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ ուսումնական նյութերն ու դասընթացները նախատեսված են ինչպես մասնագետների, այնպես էլ բոլոր հետաքրքրված քաղաքացիների համար։

Առցանց ուսումնական հարթակը գործելու է բաց և անվճար բոլորի համար՝ փորձելով ոլորտի առաջատար գիտելիքներն ու նորարար փորձը փոխանցել պարզ, մատչելի և փոխգործուն ուսումնական միջավայրում՝ հասանելի ամենքին և ամենուր։